Կոմիտասի պուրակ, վերակառուցման նախագիծ

ԱՅԳԻ

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ 

1. Ընդհանուր տվյալներ 

10000 քմ ընդհանուր մակերեսով այգի-պուրակը նախագծված է «ԻԹԱԿԷ 999» ՍՊԸ-ի կողմից համաձայն՝ 

• Նախագծային աշխատանքների կատարման № 2/19 պայմանագրի։ 

• Պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի («18» հուլիսի 2019թ կնքված պայմանագրի թիվ 2 հավելված)։ 

• Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրի (Արտոնագիր ՃԲԴ-Ա-0691 բարձրագույն դաս, ենթադաս «Ա», ճարտարապետ Անանյան Տելեմակ Ալբերտի)։ 

• ՀՀ-ում գործող շին. նորմերի։ 

Նախատեսվում է ք. Երևան, Արաբկիր համայնքի, Կոմիտասի պողոտա 49/10 հասցեում գտնվող պուրակի վերակառուցման նախագիծ՝ 10000քմ մակերեսով, նախատեսելով փոքր ճարտարապետական ձևեր, ամֆիթատրոն, երաժշտական զարգացման կենտրոն,  ջրավազան-շատրվան, ստորգետնյա ավտոկայանատեղի և մանկական ՏՏ զարգացման կենտորն:

2. Բնակլիմայական պայմաններ

Ճարտարապետաշինարարական լուծումները նախատեսված են հետևյալ պայմանների համար.

Դիտարկվող տարածքը գտնվում է կլիմայական չոր տափաստանային գոտում: Ամառը տևում է 4 ամսից ավելի` չոր, շոգ եղանակով։ Օդի միջին ջերմաստիճանն օգոստոսին 22-26 աստիճան է, առավելագույնը` 41.4 աստիճան: Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները, որոնք ուժգնանում են օրվա երկրորդ կեսին՝ երբեմն հասնելով 15-20 մ/վրկ.-ի: Ձմեռը չափավոր ցուրտ է. հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի: Հունվարի միջին ջերմաստիճանը -4-ից -6 է, առավելագույնը` -31: Օդի բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները կազմում են համապատասխանաբար 41.0 C (օգոստոս) և -21 ºC (հունվար): Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 1-1.5 ºC:

Ընդհանուր առմամբ համայնքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ և չոր ամառներով և չափավոր ցուրտ, անկայուն ձնածածկույթով ձմեռներով: Կլիմայի ցամաքայնությունը պայմանավորված է ամռանը՝ հարավից չոր գերտաքացած օդային զանգվածների, իսկ ձմռանը՝ հյուսիսային ցուրտ օդային զանգվածների ներխուժումով, որոնք հետագա անտիցիկլոնային եղանակների պայմաններում ավելի են սառում:

Տարածքը գտնվում է Երևան քաղաքի հյուսիսային մասում, ծովի մակերևույթից 1181-ից 1187մ բարձրության վրա։ Կլիման աչքի է ընկնում չորայնությամբ: Գարնանը տեղումների քանակը կազմում է 141 մմ, ամռանը՝ 53 մմ, աշնանը՝ 72 մմ, ձմռանը՝ 87 մմ: Տեղումների տարեկան քանակը կազմում է 353 մմ:

Օդի հարաբերական խոնավությունը տատանվում է ամռանը 49% – 53%, ձմռանը՝ 73% -77%, գարնանը՝ 53% -61% և աշնանը՝ 51% – 70% սահմաններում: Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությու նը կազմում է 61%:

Գերիշխում են թույլ քամիները: Քամու գերակայող ուղղությունը հյուսիս-արևելյան է: Ձնռան ամիսներին հաճախակի են լիակատար անդորրն ու թույլ քամիներով եղանակները, ինչը նպաստում է գոգավորության մեջ սառը օդի լճացմանը: Հանդարտ եղանակի կրկնությունը տարվա կտրվածքով կազմում է 37%:

Արեգակնային ուղիղ ճառագայթման տարեկան քանակը կազմում է 161.4 կկալ/սմ2, առավելագույնը դիտվում է հունիս ամսին՝ 21.4 կկալ/սմ, նվազագույնը դեկտեմբեր ամսին՝ 4.6 կկալ/սմ2: Ալբեդո (արտացոլված ճառագայթումը) կազմում է 25.1%. Ալբեդոյի մեծության վրա զգալի ազդեցություն են գործում քաղաքային պայմանները՝ (օդի աղտոտվածությունը, շենքերի գույնը, ճանապարհային ծածկը) մեծացնելով կամ նվազեցնելով ազդեցությունը: Ռադիացիոն հաշվեկշռի տարեկան գումարի բացարձակ մեծությունը կազմում է 69 կկալ/ սմ2, առավելագույնը դիտվել է հուլիս ամսին՝ 10-12 կկալ/սմ2, իսկ նվազագույնը դեկտեմբեր ամսին՝ 0.5 կկալ/սմ 2։ Արևափայլի տևողությունը կազմում է միջին հաշվով 2600 ժամ, առավելագույնը հասնում է 2800 ժամի:

Ամռանը հողի մակերևույթը սովորաբար տաքանում է մինչև 50 ºC, իսկ առանձին դեպքերում մինչև 60 ºC: Ձմռանը սառչում է միջին հաշվով 2-25 սմ խորությամբ, առանձին տարիներին կարող է սառչել մինչև 45 սմ: Ամռանը հողը ուժեղ չորանում է և ճաքճքում: Այսպիսի պայմաններում առանց արհեստական ոռոգման բույսեր աճեցնելը գործնականորեն անհնար է:

Գրունտները ժայռային և կիսաժայռային են, այգու վերնամասի որոշ հատվածներում հողի վերին ծածկույթի շերտը չի գերազանցում 45-50 սմ, ինչի պատճառով մեկ տասնյակից ավելի ծառեր հիմնովին չորացել են։

3. Պատմական քաղաքաշինական ակնարկ

Նախագծվող կառույցը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Արաբկիրը սկզբնապես եղել է առանձին բնակավայր, որի համար 1929թ. Ալ. Թամանյանի կողմից մշակվել է գլխավոր հատակագիծ: Ըստ այդ նախագծի Արաբկիրը իրենից ներկայացնում էր առանձին, անհատական տներով կազմակերպված քաղաքաշինական միավոր: Այն տեղակայված էր ներկայիս համայնքի կենտրոնական մասում, ուներ կենտրոն, օղակաձև զբոսայգի, երկրորդական կենտրոններ և շրջապատված էր ծառաստանով: Բնակավայրը երեք հիմնական փողոցներով կապվում էր Երևան քաղաքի հետ: Դրան հաջորդող քաղաքաշինական փաստաթղթերն արդեն մշակվել են Երևանի գլխավոր հատակագծերի շրջանակներում և փոխկապակցված են եղել քաղաքի հատակագծային մյուս շրջանների հետ: 

1938թ. գլխավոր հատակագծի առանձնահատուկ գաղափարներից են եղել. 

• Կամրջով Բաղրամյան փողոցի միացումը Աջափնյակին:

• Երկաթգծի երկայնքով ընդարձակ կանաչապատ գոտու ստեղծումը: 

• Հյուսիսային առանցքի շեշտումը, որի միջոցով կանաչ գոտին միանում է ձորի համակարգին։

1972թ. գլխավոր հատակագծում.

• Հյուսիսային ճառագայթի գաղափարն ավելի ակնառու է, այստեղ ավելանում է հասարակական կենտրոնը (տե՛ս՝ Հյուսիսային առանցքի վրա առկա հրապարակները, ծավալատարածական դոմինանտները, հուշարձանները և իրականացման ժամանակացույցը, էջ. 10)

• Հյուսիսային առանցքը այս հատվածում շեշտվել է ծառուղիով, որը սկսվելով գիտահետազոտական չորս բարձրահարկ կառույցների մոտից, հասնում է մինչև Նաիրի Զարյան փողոց։ Քաղաքաշինական գործառնական առումով գոտին մի կանաչապատ առանցք է, որը կապում է Կոմիտասի պողոտան և Նաիրի Զարյան փողոցը և համայնքի համար հանդիսանում է կանաչապատ, ռեկրեացիոն միջավայր:

Համաձայն Արաբկիր համայնքի ներկա գոտևորման նախագծի՝ համայնքի առաջնային հրատապ խնդիրներից են հասարակական և կանաչապատ վայրերի ստեղծումը:

4. Հատակագծային կազմակերպումը, մանր ճարտարապետական ձևեր, ծավալատարածական և հատակագծային լուծումներ

Նախատեսվում է ապամոնտաժել մոտակայքում առկա մանրածախ առևտրի տաղավաները և վերակառուցել պուրակը, ինչպես նաև ուժեղացնել Կոմիտաս – Հյուսիսային առանցք երբեմնի կապը։

Հատակագծով նախատեսվում է պուրակի կենտրոնական մասը դարձնել գրավիչ ու հեշտ հասանելի դիմային (հարավային) հատվածից՝ Կոմիտասի պողոտայից: 

Հարավ-արևելյքից նախատեսում ենք լայն հետիոտն ճեմուղի՝ երեսապատված վեցանկյուն խոշոր քարե սալերով, որը սահուն կորով լծորդվում է այգու կենտրոնական միջոցառումների հրապարակի հետ:

Հարավ-արևմուտքից՝ օգտագործելով նիշերի զգալի տարբերությունը (ավելի քան 6մ), նախատեսում ենք կիրառել իրար հաջորդող լայն աստիճաններ՝ վառ արտահայտված ուղղահայաց մակերեսներով: Աստիճանաշարքերի միջև գոյացող հորիզոնական հարթակները կլինեն մանրախճի ծածկույթով: Հորինվածքն ամբողջական է դառնում ներգծված լայն հորիզոնական մակերեսներ հանդիսացող սպորտային հրապարակով և ջրավազան-շատրվանով:

Խոշոր զբոսուղինիներից զատ նախատեսված են նաև առավելապես ֆունկցիոնալ ճեմուղիներ՝ ապահովելով անխոչնդոտ շարժման նորմերը պուրակի ամբողջ տարածքով: Ճեմուղիների նկարվածքը մշակելիս հիմք է հանդիսացել տարածքում առկա հետիոտն արահետների ցանցը: Այսպիսով նախատեսում ենք ունենալ հարմարավետ հետիոտն անցանելիություն դեպի տարածքի հյուսիս:

Հաշվի առնելով տարածքի ֆունկցիոնալ հարմարավետության կարևորությունը նաև սպասարկման տեսանկյունից՝ Կոմիտասի պողոտային հարող մայթին կից, բազմաֆունկցիոնալ կենտրոնի արևելյան հատվածում նախատեսում ենք փոքր հրապարակ: Այստեղ տեղակայված կլինեն ծառայողական մուտքը և հեծանիվերի կայանատեղերը:

Պուրակի կանաչապատ մակերեսներում նախատեսում ենք ձևավորել հողաթմբեր, որոնք կհանդիսանան յուրահատուկ լանդշաֆտային էլեմենտներ: Այս մոտեցմամբ է լուծված մասնավորապես ամֆիթատրոնը՝ այն էլիպսաձև է և ամբողջությամբ ներգծված է բլրակի մեջ: Երեսապատումը և նստարանները նախատեսվում է իրականացնել արցախի սպիտակ մարմարացված կրաքարով: Կլինեն շուրջ 350 նստատեղեր, դասավորված 7 շարքով և պաշտպանված ՊՎԹ ծածկով, իսկ ընդհանուր մակերեսը կկազմի 254 քմ տարածք։ Ամֆիթատրոնում նախատեսվում է իրականացնել ինչպես համերգներ, այնպես էլ կինոդիտումներ։

Ճեմուղիները հարդարվելու են սպիտակա-մանուշակագույն մարմարացված կրաքարե և բազալտե մասիվ վեցանկյուն սալերով։ Նախատեսվում է գոյություն ունեցող ֆլորան հարստացնել ավելի քան 30 ծառատեսակներով, թփատեսակներով և ծաղիկներով։ Բույսերի ընտրությունը պայմանավորված է նրանց դիմացկունությամբ, տափաստանային չոր ու շոգ, քաղաքային անբարենպաստ պայմաններին հեշտ հարմարվելով, ցրտադիմացկունությամբ, երկարակյացությամբ, ինչպես նաև ոչ շատ խոնավասեր, սաղարթախիտ ու բարձր կպչողականությամբ։

Նախագծով նախատեսվող մանր ճարտարապետական ձևերն են՝ դեկորատիվ ջրավազան – շատրվան, բաց ամֆիթատրոն, խաղահրապարակներ, սպորտային, մարմնամարզության հրապարակներ, միջոցառումների հրապարակ, լենդ-արտ ինստալացիաներ, կինետիկ քանդակներ, ավանդական հայկական վիշապաքարերի ցուցադրություն՝ մասնակի ցանկապատ պուրակի հետիոտն շարժը կանոնակարգելու նպատակով, լուսավորություն և դիդակտիկ ու նավիգացիոն վահանակներ։

Ջրավազան-շատրվանը՝ 425 քմ մակերեսով, մոտ 20×21մետրի սեգմենտային ուրվագծով  ջրային հարթություն է, որից, տարերային դասավորվածությամբ, վեր են ցայտկում պարզ ցայտաղբյուրաձև շատրվաններ։ Ջրավազանի խորությունը 60 սանտիմետր է, ցայտող շատրվանի առավելագույն բարձրությունը՝ 9 մետր։ Կից նախատեսվում է ստորգետնյա տեղնիկական տեխնիկական սպասարկման սենք՝ 12 քմ մակերեսով, որը իր հերթին ստորգետնյա հորիզոնական կապ կունենա ավտոկայանատեղի հետ։ 

Սպորտային հրապարակը՝ 200 քմ մակերեսով, թեթև ատլետիկայի և գնդակով սպորտային խաղերի համար նախատեսված հարմարանքներով հագեցած, ռետինե համապատասխան ծածկույթով էլիփսաձև հրապարակ է, շրջապատված իրենից մինչև 1 մետր բարձրության տրիբունաներով, թե հանդիսատեսի, թե մանուկների ծնողների համար։ 

4.1․ Ծառերի տեսականի – առաջարկ

Ուռենի

Ուռենին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Աճում է գետերի եվ առուների ափերին, ջրավազանների եվ ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում։ Ծառի բարձրությունը հիմնականում հասնում է 15մ։ Առաջարկվում է շատրվանի շուրջ ունենանալ ուռենիների ռիթմիկ շարք:

Սոսի

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել 50մ։ Ջերմասեր, խոնավասեր ու լուսասեր է, երկարակյաց, արագ է աճում։ Կիրառվում է քաղաքի կանաչապատման մեջ, ապրում է մինչև 3000 տարի։ Արաջարկվում է, որպես ստվերաստեղծ ծառատեսակ, որը հեշտ է հարմարվում Երևանի պայմաններին։

Հացենի

Հացենին ձիթազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ է: Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, ղաժու և այլ տեսակների հետ: Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի: Առաջարկվում է պահպանել և հարստացնել պուրակի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան հատվածում:

Կեղծ ցուգա

Կեղծ ցուգան սոճազգիների ընտանիքին պատկանող մինչեվ 30 մ բարձրությամբ, բրգաձև սաղարթով գեղազարդ մշտադալար ծառ է։ Ասեղնատերեվները մուգ կանաչավուն են, երկարությունը 1-3 սմ։ Ցրտադիմացկուն է, խոնավասեր, պահանջում է հզոր, պարարտ հողեր։ Առաջարկվում է ունենալ պուրակի հետնամասում, գլխավոր առանցքների վրա։

Մրգատու ծառեր՝ ծիրանենի, բալենի, թթենի, արոսենի

Առաջարկվում է օգտագործել ռիթմիկ գծային շարքերով, Կոմիտասի պողոտայից դեպի պուրակի խորքը: Գոյացող հեռանկարները ստեղծում են հաճելի ճեմուղիներ և ընդգծում են հոսքերի բաշխումը տարածքում:

4․2․ Թփերի տեսականի – առաջարկ

Հիբիսկուս

Հիբիսկուս սիրիականը 5-6 մ բարձրություն ունեցող տերեվաթափ թուփ է։ Ունի բավականին խոշոր ծաղիկներ։ Ծաղկի պսակը լայն զանգականման է, վարդածիրանագույն կամ բաց մանուշակագույն , հազվադեպ սպիտակ, կենտրոնում մուգ խալով։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, բարձր գեղազարդ թփատեսակ է, որը մեր հանրապետության պայմաններում, սեզոնի երկրորդ մասում լրացնում է ծաղկող բուսատեսակների պակասը։

Եղրևանի

Եղրևանին ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ է։ Ունենում է 2-8 մետր բարձրության։ Ծաղկում է մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ։ Ծաղկման շրջանի տևողությունը 20 օր։ Ծաղիկները սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն են։ Հայաստանում հայտնի է 2 տեսակ՝ սովորական եվ պարսկական։ 

Ոսկեզանգ

Ֆորզիցիան ձիթենազգիների բազմամյա տերևաթափ թփերի ցեղ է։ Բարձրությունը մինչև 2 մ, ծաղիկներն ունեն վառ դեղին կամ ոսկեդեղին երանգ, ծաղկում է վաղ գարնանը, մինչև տերևների բացվելը։ Լուսասեր է, ցրտադիմացկուն և ջերմադիմացկուն։

Բռնչի

Բռնչին այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ է։ Բարձնությունը մինչև 3,5մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդասպիտակագույն, կազմում են վահանաձև կամ հովանոցանման՝ 5-10 սմ տրամագիծ ունեցող ծաղկաբույլեր։ Ծաղկման շրջանը մայիս-հունիս ամիսներին է։ Պտուղը միակորիզ է, դառնահամ, հասունանում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և ամբողջ ձմռան ընթացքում մնում է թփերի վրա։

Ասպիրակ Վանհուտի

Վանհուտի Ասպիտակը թուփ է,որը ծաղկման շրջանում պատվում է սպիտակ ծաղիկների ամպով։ Հասուն վիճակում իրենից ներկայացնում է գունդ 2 մետրանոց սաղարթով։ Ծաղկում է ամռան սկզբում, ծաղկման շրջանի տեվողությունը 3-4 շաբաթ։ Ծաղիկները մանր են , սպիտակ, հավաքված ծաղկաբույլում, ցրտադիմացկուն է։

Մագլցող վարդ

Վարդենին վարդազգիների ընտանիքի բազմամյա թուփ է։ Հայաստանում հանդիպում է վայրի 31 տեսակ։ Վարդերի մեծամասնությունը ծաղկում է տարին մեկ անգամ՝ մեկ ամիս կամ ավելի, սակայն շատ առատ։ Բարձրանում է 1,5-ից 5 մետր, իսկ որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մ երկարությամբ ընձյուղներ։ Ծաղիկները բուրումնավետ են, կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն կամ մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ։ Կիրառվելու է պուրակի հետնամասում, որպես ուղղահայաց կանաչապատում։

Գիհի

Գիհին պատկանում է նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի և ծառերի ցեղին: Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ, որի բարձրությունը հասնում է 16մ: Կլոր, մուգ կապտավուն կոները հասունանում են 1-3 տարվա ընթացքում: Տերևներն ասեղնաձև են: Ծաղկում է մայիսին: Ապրում է 300-400 տարի:

Թույա

Արևմտյան Թույան նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնաձև ծառատեսակ է։ Բարձրությունը մինչև 18, երբեմն 35մ։ Ունի լայն բրգաձև սաղարթ։

ՆԳՃ՝ Ճարտարապետության թեկնածու, Տելեմակ Ալբերտի Անանյան

Հեղինակներ՝ Մարտինա Ջովանի Ռոթիլի, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան

Եռաչափ մեդելավորում և գրաֆիկա՝ Մարտինա Ջովանի Ռոթիլի, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան, Դանելե Բուռասկանո, Իզաբելլա Իգորի Հարությունյան